Wednesday, January 9, 2013

Շնորհավոր 7DD, Google Developer-ներ

Սիրելի Գուգլասերներ, համակիրներ, ընկերներ ու ընկերուհիներ, արդեն անցյալում թողեցինք 2012-ը՝ իր բազում  միջոցառումներով, մրցույթներով ու պարզապես ընկերական հանդիպումներով մի-մի գավաթ գարեջրի շուրջ: Վստահորեն կարող ենք նշել, որ 2012-ը եզրափակեցինք ավելի ակտիվ ու ավելի մեծ թիմով, քան 2011-ը: Իսկ GDG խմբերի համար օրեցօր աճող անդամների թիվը վկայում է միայն մեկ կարևոր բանի մասին՝ մենք կատարելագործվում ենք ու ընդլայնվում:

Նախքան 2013-ին անցնելը (որն ի դեպ 16-ական համակարգում կլինի 7DD), ուզում ենք ևս մեկ անգամ վերհիշել այն ամենը, ինչի կարողացանք հասնել անցած տարում:

Կասկած չկար, որ 2011-ի մեր տարեվերջյան GTUG's DAY Armenia միջոցառումը մի նոր ալիք կհաղորդի մեզ, ու հենց այդպես էլ եղավ:

2012-ը սկսեցինք արտագնա հանդիպումով, որը տեղի ունեցավ Գյումրի քաղաքում: Գյումրին ևս ծանոթացավ GTUG Armenia-ի գործունեությանը և հույսով լցվեցինք, որ հետագա գոնե մեծ միջոցառումներին գյումրեցի ակտիվիստները նույնպես կմասնակցեն:

Մինչև տարվա առաջին կեսի ավարտը մենք հասցրեցինք մի քանի փորքիկ հանդիպումներ ևս ունենալ, որոնք հիմնականում միտված էին ապրիլյան մեր կարևոր hackathon-ի կազմակերպչական խնդիրներին:

Եվ ահա եկավ ապրիլը, որին մենք այդքան սպասում էինք: Այս անգամ ջիթագցիները պետք է համատեղեին Ծաղկաձորյան բնությունն ու ծրագրավորումը: Իհարկե համատեղելը շատ դժվար էր, քանի որ մի կողմից Ծաղկաձորի հանգստան գոտիները բոլորին աչքով էին անում, մյուս կողմից էլ hackathon-ի մասնակիցներին աչքով էին անում միջոցառման գլխավոր հովանավոր Vivacell MTS-ի կողմից տրամադրված Galaxy Nexus հեռախոսն ու HTC Flyer պլանշետը: Թե ով ինչքանով վայելեց Ծաղկաձորի բնությունը, այդպես էլ չհասկացանք, բայց թե կազմակերպիչները, և թե Ուֆայից ու Թբիլիսիից հատուկ ժամանած հյուրերը հասկացան, որ հայ ծրագրավորողները կարող են ընդամենը 2 օրում ստեղծել գրեթե պատրաստի արտադրանք (ծրագրեր): Ծաղկաձորյան միջոցառման գեղեցիկ նկարները կարող եք վայելել այստեղ:

Այսքանով GTUG Armenia-ն անվանափոխվեց GDG Armenia ու հունիս ամիսն ավարտեց Google I/O Extended միջոցառումով, դե իսկ խմբի համակարգողներից Վարդան Գրիգորյանը Սան Ֆրանցիսկոյում անձամբ ներկայացավ Google I/O 2012 միջոցառմանը:

Տարվա երկրոր կեսը սկսեցինք Beer Meetup-ով, որտեղ հիմնականում քննարկեցինք I/O 2012-ը, տեխնոլոգիական նորություններն ու իհարկե շնորհավորեցինք խմբի ակտիվիստներից մի քանիսի հաջող մասնակցությունը Բեռլինում կայացած Campus Party-ին: Ինչպես գիտեք Մանվել Սարոյանի Privacy Manager հավելվածը, որը Google Chrome օգտագործողներին թույլ էր տալիս հեշտությամբ կառավարել իրենց գաղտնի տվյալները, ճանաչվել է հաղթող վերոնշյալ միջոցառման ժամանակ: Դե իսկ ինքը՝ Մանվելը մեկ շաբաթով հրավիրվել է Գերմանիա՝ հենց Գուգլի գրասենյակում ավելի կատարելագործելու իր հավելվածը:

2012 սեպտեմբերին առաջին անգամ Հայաստանում ևս նշվեց Software Freedom Day-ը, ու հենց նշվեց GDG Armenia-ի կողմից: Ունեցանք հետաքրքիր պրեզենտացիաներ բաց կոդով նախագծերի ու ծրագրերի մասին:

Սեպտեմբերի 27-ին ևս մեկ փոքրիկ հավաքույթ ունեցանք Google-ի 14-ամյակի կապակցությամբ: Գուգլյան գույներով հատուկ պատվիրված տորթը նույնքան համով էր, որքան որ գեղեցիկ:

Տարեվերջյան պաշտոնական գործունեությունը եզրափակեցինք Թբիլիսիում տեղի ունեցած հայ-վրացական GDG հանդիպումով: Տարվա ընթացքում hackathon-ներում հաղթած GDG-ականները համակարգողների հետ միասին մեկնեցին Թբիլիսի՝ հանդիպելու իրենց հարևան ընկերներին: Երկար սպասված հանդիպումը վերջապես տեղի ունեցավ, իսկ հայ-վրացական համագործակցությունը գուգլի տեխնոլոգիաների ասպարեզում թևակոխեց մի նոր փուլ:

Բայց ինչպես նշեցի, սրանով միայն պաշտոնական մասն ամփոփեցինք: Իսկ առջևում մեզ հաճելի անակնկալ էր սպասվում. gt hackathon-ի ժամանակ հաղթած թիմը՝ Մինաս Քեշիշյանի, Սուրեն Աբրահամյանի ու Հարություն Տեր-Մինասյանի մասնակցությամբ ևս մեկ գեղեցիկ հաղթանակ տարավ Hackathon[YAN] 2012-ում՝ ճանաչվելով "լավագույն Android հավելված" անվանակարգի հաղթողը:

Դե իսկ տարին իհարկե ամփոփեցինք ամանորյա հանդիպումով, որի ավարտին մի խումբ կարմիր գլխարկավոր տղաներ հատուկ նկարվեցին Ingress խաղի մրցույթի համար և հաղթող ճանաչվեցին:

Ահա այսքան բուռն անցավ 2012-ը: Իհարկե կային միջոցառումներ, որոնք չհասցրեցինք իրականացնել (օրինակ DevFest Armenia), բայց դրանք 2013-ի առաջին կեսում անպայման կիրագործենք, դե իսկ երկրորդ կեսի համար թեմաներն իրենց ոտքով կգան:

Եթե ավելի լուրջ, 2013-ի պլանների մասին կտեղեկացնենք ամսվա վերջում:

Հարգանքով,
GDG Armenia :)

No comments:

Post a Comment